Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վիգեն Սարգսյան. Թուրքիան լուրջ սպառնալիքներ է ստեղծում Մոսկվայի համար

Վիգեն Սարգսյան. Թուրքիան լուրջ սպառնալիքներ է ստեղծում Մոսկվայի համար
08.05.2017 | 22:50

Երևանը մտադիր չէ օտարերկրյա նոր, այդ թվում՝ ռուսական ռազմաբազա բացել երկրի տարածքում, «Ինտերֆաքս»-ին ասել է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը: «Ներկա պահին Հայաստանում որևէ այլ երկրի ռազմակայան բացելու շուրջ քննարկում հաստատ չի ընթանում, մենք նաև նման հայտ չունենք ռուսական կողմից»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար շատ կարևոր է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը: «Մենք սերտ շփումների մեջ ենք ռուս գործընկերների հետ այն արդիականացնելու, հնարավորություններն ընդլայնելու շուրջ, կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևաչափեր»,- ասել է նախարարը՝ նշելով, որ խոսքը հակաօդային պաշտպանության մասին է:

«Ռուսաստանը շատ է աջակցում Հայաստանի զինված ուժերի ամրապնդմանը, ներկայումս մենք համատեղ շատ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև ռազմական գործողությունների միացյալ ծրագրում»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ Հայաստանը մտադիր է ոչ միայն շարունակելու մարդասիրական օգնությունը Սիրիային, այլև ծրագրում է մասնակցել ականազերծման աշխատանքներին. «Մեր երկրների նախագահների հանձնարարությամբ մենք քննարկում ենք հայ սակրավորների մասնակցության հնարավորությունը Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներին»:


Վիգեն Սարգսյանը նաև հորդորել է Կրեմլին անվերապահորեն չընդունել Անկարայի հետ ջերմացող հարաբերությունները՝ պնդելով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրականում լուրջ սպառնալիքներ է ստեղծում Մոսկվայի համար Ռուսաստանի հարավային ճակատում: «Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների և ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխգործակցության ու այլ հարցերի մասին, պետք է փաստենք, որ այդ դաշինքից մեր տարածաշրջանում ամենաշատ ներկայացված երկիրը Թուրքիան է, որը բացահայտ և անմիջապես Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ադրբեջանում, շատ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով.- Ես հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շատ դրական փուլ է, սակայն, այդուամենայնիվ, չէի անտեսի նման լուրջ վտանգը»:


Փաստելով, որ ղարաբաղյան խնդրում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, Սարգսյանն ընդգծել է.«Թուրքիան բացասական դեր է խաղում նաև այս հարցում՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանին սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման, հրահանգիչների ուղարկման և շատ այլ առումներով, ինչը զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում»: Սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավային ճակատում՝ Դաղստանի սահմանների մոտ»,- ասել է ՀՀ Պնախարարը ռուսական «Ինտերֆաքս»-ին:


Սարգսյանը նաև պնդել է՝ Ղարաբաղը, թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն, և մինչև տեղի չունենա այդ փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի: «Հայաստանը համոզված է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և մենք հուսով ենք, որ դա հասկանում են նաև Բաքվում որոշում կայացնողները: Հուսով ենք, որ նրանք գիտակցում են, որ շատ հեշտ է տարածաշրջանում բացել դռները քաոսի, իսկապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների և լարվածության համար, այդ ամենը կանգնեցնելը՝ շատ դժվար: Դա անկասկած կամրապնդի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դերը, կավելանա նաև արտաքին խաղացողների դերակատարությունը, որոնք կսկսեն դրանից օգտվել»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինությանը՝ ՀՀ Պնախարարն ընդգծել է. «Հայաստանում հասարակությունն ուշի ուշով հետևում է այս հարցին, հատկապես երբ ռուսական զենքի մատակարարումը տեղի է ունենում հակամարտության սրման պահերին: Մենք Ռուսաստանի հետ իսկապես դաշնակիցներ ենք, այդ մասին բոլորը գիտեն, և եթե ռուսական զենքը հավասարակշռության խախտման արդյունքում դառնա հակամարտության մեջ ռիսկի գործոն, դա, կարծում եմ, առաջին հերթին դեմ կլինի հենց Ռուսաստանի շահերին»:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ